Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աֆրիկյան փղերը, ինչպես մարդիկ, կարող են միմյանց դիմել հատուկ անուններով: Եթե այս բացահայտումը հաստատվի, ապա այն կարող է հետաքրքիր հետևանքներ ունենալ լեզվի զարգացման վրա, գրում է New Science-ը։
Անձնական անունները մարդկային մշակույթի յուրահատուկ առանձնահատկությունն են։ Անհատական նույնականացման համար էական և հաճախ սերտորեն կապված անձի անհատականության հետ՝ դրանք օգնում են տարբերակել յուրաքանչյուր անհատին համայնքում՝ հեշտացնելով ամենօրյա հաղորդակցությունն ու սոցիալական փոխգործակցությունը: Թեև կենդանիները հաճախ ունենում են միմյանց նույնականացնելու եղանակներ ձայնալսումների, հոտերի կամ վարքագծի միջոցով, այդ մեխանիզմները, որպես կանոն, պակաս բարդ և պակաս խորհրդանշական են, քան մարդկանց կողմից օգտագործվող անձնանունները: Առնվազն այդպես էինք մտածում մինչև այժմ։ Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աֆրիկյան փղերը նույնպես միմյանց դիմում են անհատական ձայնային պիտակներով:
Այս աշխատանքի շրջանակներում հետազոտողները վերլուծել են վայրի փղերի կանչերը Սամբուրու էկոհամակարգում և Քենիայում գտնվող Ամբոսելի ազգային պարկում: Հավաքվել է 625 առանձին խոսակցություն, այդ թվում՝ 597 խոսակցություն նույն ընտանեկան խմբի անդամների միջև։ Այս ընտրախմբում հետազոտողները հայտնաբերել են 114 կատարողի և 119 եզակի հասցեատերի: Վերլուծությունը հեշտացնելու համար պետք է նշել, որ ընտրախմբում ներառվել են միայն մեկ փղի ուղղված դիմումները, որոնց միջոցով հնարավոր է եղել որոշել հասցեատիրոջը։ Այս տվյալները ստանալով՝ հետազոտողները չափել են յուրաքանչյուր դիմումի ակուստիկ բնութագրերը, որից հետո կատարել են մի շարք վիճակագրական թեստեր: Նրանց նպատակն էր պարզել, թե արդյոք այս կանչերից յուրաքանչյուրը կարող է կանխատեսել հասցեատիրոջ ինքնությունը: Արդյունքում պարզվել է, որ ազդանշանների հասցեատերերը կարող են ճիշտ որոշվել ազդանշանի կառուցվածքի միջոցով։ Հետազոտողները նաև փորձել են պարզել, թե արդյոք փղերը նմանակում են հասցեատիրոջ ձայնը, ինչպես կարելի է նկատել, օրինակ, դելֆինների մոտ։ Հայտնի է, որ դելֆինները կարողանում են հիշել յուրաքանչյուր անհատի ձայնային պիտակները և արձագանքել իրենց սեփական պիտակին, երբ լսում են այն: Այս դեպքում ստացված տվյալների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ փղերի դեպքում իրավիճակն այլ է։
Հետազոտության հեղինակները նաև վերարտադրել են 17 փղերի հետ սկզբնապես արված խոսակցությունների ձայնագրությունները՝ տեսնելու, թե ինչպես են նրանք արձագանքում: «Հաստատելով ձայնային պիտակների առկայությունը՝ սուբյեկտներն ավելի արագ էին մոտենում խոսողին և ավելի արագ էին ձայն տալիս ի պատասխան թեստային ազդանշանների, քան ստուգողականների», - գրում են հեղինակները: Ինչպե՞ս կարելի է բացատրել նման էվոլյուցիան: Ընդհանուր առմամբ, հետազոտողները եզրակացնում են, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին, որ ոչ-մարդկային տեսակն օգտագործում է մարդանման անվանման համակարգ՝ այլ անհատների նշանակման համար: Դեպքերի նման զարգացման երկու հնարավոր բացատրություն կա։ Մենք գիտենք, որ փղերը հաճախ բաժանվում են ոչ մեծ խմբերի, որոնք հետո կարող են միավորվել մեծ խմբերի մեջ։ Այսպիսի սոցիալական դինամիկայի հետևանքով այս կենդանիները հաճախ մնում են իրենց մոտիկ ազգակից սոցիալական ընկերների տեսադաշտից դուրս։ Դրա համար մեծ հեռավորությունների վրա շփվելու ժամանակ նրանք մռնչյուն են արձակում։ Այս դեպքում ձայնային պիտակները կարող են լավացնել կողմնորոշումը։ Բացի այդ, ինքնին միմյանց անունով դիմելու փաստը կարող է սոցիալական կապերն ամրապնդելու միջոց լինել, ինչպես տեղի է ունենում մարդկանց հետ։



























