Լեհ ֆերմերը մի ամբողջ ամիս չի կարողանում բռնել իրենից փախած ցլին, հայտնել է gazeta.pl պարբերականը։
«Շուտով մեկ ամիս կլինի այն ժամանակվանից, երբ 400 կիլոգրամանոց ցուլը Վելիկոպոլսկի վոյեվոդության Մեհնիցա բնակավայրում փախել է ֆերմայից։ Կենդանին եգիպտացորենի դաշտում է, նրան բռնել չի հաջողվում»,- նշվել է հաղորդագրությունում։
Պարբերականի տվյալներով՝ կենդանին, որը կարող է վտանգավոր լինել, եթե սպառնալիք զգա, փախել է տիրոջից օգոստոսի 11-ին եւ մտել եգիպտացորենի դաշտ։ «Բարդությունն այն է, որ եգիպտացորենը դեռ հնձված չէ, եւ նա թաքնվելու տեղ ունի։ Դա մոտ 400 կիլոգրամանոց ցուլ է, ուստի նրան բռնելը դժվար է»,- ասել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Տոմաշ Յաբլոնսկին։ Նրա խոսքով՝ ցլին բռնելու փորձեր արդեն երեք անգամ ձեռնարկվել են, եւ դրանք բոլորն ավարտվել են անհաջողությամբ։
Վույտի (տեղի վարչության ղեկավարի)՝ Ուրշուլա Կովալինսկայայի խոսքով՝ կենդանին, որը թաքնվում է եգիպտացորենի դաշտում, չի ցանկանում վերադառնալ ֆերմա, քանի որ ազատության մեջ սննդի պակաս չունի։ «Նրա քաշն ավելացել է»,- ասել է վույտը։
Վույտի տեղեկացմամբ՝ տերը ցանկանում է ցլին գայթակղել կովով։ Դա նշանակում է, որ նա կովին դաշտ բաց կթողնի թրեյլերով եւ կփորձի այդ կերպ գայթակղել ցլին»,- ասել է Կովալինսկայան։
«Բայց եթե այս փորձն էլ չհաջողվի, բոլորը հույս ունեն, որ կենդանուն բռնելու խնդիրը կհեշտացնի դաշտը հնձելը, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին»,- ասել է վույտը։



























