ԱՄՆ Օվկիանոսի եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները Ալյասկայի ափերին գտել են գունդ, որը, նրանց կարծիքով, կարող է լինել անհայտ էակի ձու, տեղեկացրել է Guardian բրիտանական թերթը։
«Առեղծվածային ոսկե գունդը, որը կարող է անհայտ ծովային էակի ձու լինել, հայտնաբերվել է օվկիանոսի հատակին Ալյասկայի խաղաղօվկիանոսյան ափին։ Հարթ օբյեկտը՝ կենտրոնում հետաքրքիր անցքով, գտնվել է մոտ երկու մղոն (3,2 կիլոմետր) խորության վրա»,- նշվել է հրապարակման մեջ։
Գիտնականների խոսքով՝ այն ոսկեգույն եւ բարակ մակերես ունի, որը մաշկ է հիշեցնում։ Նրանց նախնական տվյալներով՝ անցքի առկայությունը կարող է վկայել գիշատչի կողմից վնասվելու կամ այն մասին, որ ձվից ինչ-որ մեկն արդեն դուրս է եկել։
«Ես հույս ունեմ, որ երբ մենք մատներս այնտեղ մտցնենք, ինչ-որ բան այնտեղից դուրս չի գա։ Դա նման է սարսափ ֆիլմի»,- ասել է գիտնականներից մեկը։
Ինչպես տեղեկացրել է պարբերականը, հետազոտողները թեստեր եւ ԴՆԹ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն օբյեկտի ծագումը, իսկ եթե պարզվի, որ դա ձու է, ապա պարզել ծովային բնակիչների այն ընտանիքը, որին կարող էր պատկանած լինել։



























