ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կոչ է արել եվրոպական պետություններին օգնել եվրոպական ֆուտբոլի արժեքները սպորտին սպառնացող խնդիրներից պաշտպանելու հարցում:

Եվրո-2012-ի անցումային խաղերի վիճակահանությունից առաջ, Լեհաստանի Կրակով քաղաքում Պլատինին ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել է եվրոպական երկրների սպորտային նախարարների հետ եւ կոչ արել միջոցներ ձեռնարկել` արդար խաղի կանոնները պահպանելու համար:

Պլատինին իր մտահոգությունն է հայտնել պայմանավորված խաղերի կապակցությամբ: «Այսօր եվրոպական սպորտը վարակված է բարոյական հիվանդությամբ, որը շատ խորն է ներթափանցել»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը` գործելու կոչ անելով:

«Ես ստեղծված վիճակն անթույլատրելի եմ համարում, քանի որ ոչ մի շաբաթ չի անցնում առանց պայմանավորված խաղի մասին տեղեկությունների: Ընդգծեմ, խոսքը գնում է այսպես կոչված «սպորտային» տոտալիզատորների մասին: Այդ ապօրինի գործունեությունը հստակ սպառնալիք է ներկայացնում ֆուտբոլային մրցաշարերի համար, բայց առավել կարեւոր է այն, որ դա խաթարում է ժամանակակից հասարակության հիմքերը»,- ասել է Պլատինին եւ հավելել. «Պայմանավորված խաղերի կազմակերպումը հասարակական կարգի կոպիտ խախտում է, ուստի իշխանությունների միջամտությունը լիովին արդարացված է»: