Հարավաֆրիկյան քաղաքականության վետերան Մանգոսուտու Բուտելեզին, զուլուսների արքայազնը եւ ապարտեիդից ազատագրման պայքարի հայտնի գործիչը վախճանվել է, շաբաթ օրը տեղեկացրել է երկրի վարչակազմը։ Նա 95 տարեկան էր, տեղեկացրել է Reuters-ը։

Ազատության Ինկատա կուսակցության հիմնադիրը երկու ժամկետ զբաղեցրել է ապարտեիդից հետո ձեւավորված կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնն այն բանից հետո, երբ 1994թ. «թաղել էր պատերազմի կացինը» կառավարող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության հետ։

«Ես մեծ ցավով տեղեկացնում եմ արքայազն Մանգոսուտու Բուտելեզիի, ԿվաՖինդանգենե արքայազնի, զուլուսների միապետի եւ ժողովրդի ավանդական վարչապետի, ինչպես նաեւ Ազատության Ինկատա կուսակցության հիմնադրի եւ պատվավոր նախագահի մահվան մասին»,- նշվել է նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հայտարարությունում։

Տեղի News24 լրատվական կայքի տեղեկացմամբ՝  հուլիսին Բուտելեզին վիրահատվել էր թիկունքի ցավերի պատճառով, ինչից հետո երկրորդ անգամ տեղափոխվել էր հիվանդանոց, քանի որ ցավերը չէին անցել։

1975թ. Բուտելեզին հիմնել է Ազատության Ինկատա կուսակցությունը որպես ազգային-մշակութային շարժում, որը դարձավ քաղաքական ուժ ներկայիս Քվազուլու-Նաթալ նահանգի տարածքում, եւ 1980-1990-ական թթ.  նրա կուսակցությունը ներքաշվեց արյունահեղ հակամարտությունների մեջ Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) հետ։

Նրա կողմից վերջին րոպեին ընդունված որոշումը՝ մասնակցել ապարտեիդից հետո 1994թ. անցկացված առաջին ընտրություններին, խաղաղություն բերեց երկու կուսակցությունների միջեւ։ Քվեարկության արդյունքում իշխանության եկան ԱԱԿ-ն ու նրա առաջնորդ, այժմ հանգուցյալ Նելսոն Մանդելան։

Մոտ 20 հազար մարդ է սպանվել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, քանի որ մարտական գործողություններ էին ընթանում Քվազուլուում եւ տղամարդկանց հանրակացարաններում, որոնք կառուցվել էին միգրանտների բնակության համար, որոնք աշխատում էին Յոհանեսբուրգի մերձակա ոսկու հանքերում։

Խաղաղության գինը դարձավ Բուտելեզիի մասնակցությունը ազգային միասնության կառավարությունում որպես ներքին գործերի նախարար։