51-ամյա Էրլենդ Բորեն, որը մետաղորսիչ էր գնել, քանի որ բժիշկը խորհուրդ էր տվել ավելի շատ զբաղվել սպորտով, Նորվեգիայում «խոշոր գանձ» է գտել։
Անցած ամիս հարավային Ռենեսյոյ կղզում Բորեն հայտնաբերել է ինը ոսկե ականջօղ, երեք մատանի եւ 10 ոսկե մարգարտահատիկ, գրել է Gizmodo-ն՝ հղում կատարելով Ստավանգերի համալսարանի հաղորդագրությանը։
Նշվել է, որ Բորեն պատրաստվում էր տուն գնալ, երբ, ըստ նրա, իր մետաղորսիչն սկսել է ծվծվծալ բլրի ստորոտին, որը պատկանում էր ֆերմերներից մեկին։ Հենց այդ ժամանակ էլ նա գտել է գանձը։
Նորվեգիայում միգրացիայի շրջանն սկսվել է մ.թ.ա. 400-550թթ., դա այն ժամանակաշրջանն է, երբ միգրացիան լայնորեն տարածված էր Եվրոպայում։ «Հաշվի առնելով գտածոյի տեղը եւ այն, ինչ մենք գիտենք նման այլ գտածոների մասին, խոսքն, ամենայն հավանականությամբ, կամ թաքցված արժեքների, կամ աստվածներին նվիրաբերությունների մասին է դրամատիկական ժամանակներում»,- նշել են համալսարանում։
Չնայած Բորեն պարտավոր էր հանձնել ոսկին թանգարանին, նա եւ հողատերը գտածոյի համար պարգեւ կստանան։ Հնությունների ազգային վարչությունը դեռ չի պարզել պարգեւի չափը։



























