Լոս Անջելեսի շրջանում այն տան քանդումը, որտեղ հոլիվուդյան լեգենդ Մերիլին Մոնրոն անցկացրել է իր վերջին ամիսները, հետաձգվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից՝ տունը որպես պատմամշակութային հուշարձան ճանաչելու վերջին րոպեին արված միջնորդությամբ, հայտնում է CNN-ը:

Քաղաքային խորհրդի անդամ Թրեյսի Փարքը, որի թաղամասի մեջ է մտնում Բրենթվուդը, որտեղ գտնվում է լեգենդար դերասանուհու նախկին տունը, ասել է, որ այն վաճառվել էր հուլիսին, և նոր սեփականատերերը վերջերս դիմել էին այն քանդելու համար:

Չորեքշաբթի օրը, երբ հայտնի դարձավ մոտալուտ քանդման մասին, Փարքի գրասենյակները հեղեղվեցին կոչերով՝ փրկելու խորհրդանշական բունգալոն, որը ժամանակին պատկանում էր փոփ մշակույթի կուռքին:

Ուրբաթ օրը Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն տվեց Փարքի արտակարգ միջնորդությանը՝  տանը պատմական շինության կարգավիճակ տալու գործընթացը սկսելու մասին:

Քանդումը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ  Պատմական ռեսուրսների քաղաքային վարչությունը  չի ուսումնասիրել և վերլուծել տունը, ասել է Փարքը:

Անհասկանալի է մնում, թե ովքեր են տան նոր սեփականատերերը, քանի որ գնումը կատարվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) շրջանակում:

Բրենթվուդում 1929 թվականին կառուցված բունգալոն ներկայումս գնահատվում է մոտ 8 միլիոն դոլար: Մոնրոն այնտեղ ապրել է ընդամենը մի քանի ամիս՝ մինչև իր մահը 1962 թվականին՝ 36 տարեկանում, ասել է Փարքը: Նա մահացել է տանը՝ բարբիթուրատների գերդոզավորումից: