Ասույթ կա, որ ռոմանտիկ հարաբերություններում հակադրությունները ձգում են իրար։ Իրենց նոր ուսումնասիրության մեջ գիտնականները ցրում են այս կարծրատիպը:

Մոտ 200 հետազոտություններ վերլուծելուց հետո, որոնց մասնակցել էին միլիոնավոր ամուսնական զույգեր, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այն պնդումը, թե հակադրությունները ձգում են իրար, իրականում քիչ հիմքեր ունի։

Երբ խոսքը վերաբերել է հետազոտության մեջ վերլուծված հարյուր «բնավորության գծերին»՝ քաղաքական հակումներից մինչև ծխելու և խմելու սովորույթներ, զուգընկերները գրեթե միշտ ավելի շատ նման են եղել, քան տարբեր:

Համաձայն Nature Human Behavior ամսագրում հրապարակված արդյունքների, բնավորության գծերի միայն 3%-ի դեպքում է, որ մարդիկ հակված են եղել միավորվել մեկի հետ, ով տարբերվող հակումներ է ունեցել:

Արդյունքները ցույց են տալիս, որ միջինում երկարաժամկետ զուգընկերները նման են տարբեր առումներով՝ կրոնական և քաղաքական համոզմունքներից մինչև կրթական մակարդակներ և ինտելեկտի ու ապրելակերպի որոշակի ասպեկտներ: