Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ օպերատորը հայտարարել է օվկիանոս ջրի բացթողնման մեկնարկային փուլի ավարտի մասին, որի շրջանակում կայանից արտամղվել է 7,8 հազար տոննա ջուր, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։
Փուլն ավարտվել է տեղի ժամանակով ժամը 12.10-ին։ Մասնագետներն այժմ մտադիր են սկսել սարքավորումների ստուգումը եւ երկրորդ փուլի նախապատրաստությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա կարող է երեք շաբաթ տեւել։
Օգոստոսի 24-ից Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1-ի» վթարային ռեակտորների սառեցման հետեւանքով կուտակված ջրի բացթողումն օվկիանոս։ Այդ ռեակտորներում հալվել էր միջուկային վառելիքը։ Ջուրն անցնում է նախնական մաքրում ALPS համակարգում, ինչի հետեւանքով ավելի քան 60 տեսակի ռադիոնուկլեիդների ռադիոակտիվությունը նվազում է նորմից ցածր մակարդակի։ Բացառություն է կազմում տրիտիումը։ Ջուրն օվկիանոս բաց թողնելուց առաջ այն նախապես լուծում են ծովային ջրով՝ տրիտիումի խտությունը մեկ լիտրի համար հասցնելով 1 500 բեկկերելի, ինչը 40 անգամ ցածր է Ճապոնիայում ընդունված՝ աշխատող ատոմակայաններից ծով ջուրը բաց թողնելու նորմից՝ 60 հազար բեկկերել։ Այս ջուրն օվկիանոս բաց թողնելը տեւում է 30 տարի։ ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ այս պլանները լիովին համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, բայց Ճապոնիայում մտավախություն կա, որ դա կարող է վնասել ճապոնական գյուղատնտեսական եւ ձկնարդյունաբերական արտադրանքի վարկանիշին։ Ռուսաստանը եւ Չինաստանը եւս մտահոգություն են հայտնել Ճապոնիայի իշխանությունների որոշման հետ կապված։ Չինաստանը լիովին արգելել է ճապոնական ծովամթերքների ներմուծումը։



























