ԵՄ տարածք ՌԴ քաղաքացիների անձնական իրերը մտցնելու պայմանների պարզաբանման համար պետք է դիմել եվրոպական համապատասխան պետությունների իրավասու ազգային մարմիններին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ԵՄ եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ծառայության պատժամիջոցների քաղաքականության բաժնում։
Անցած ուրբաթ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է պարզաբանում, որում տեղեկացրել է, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ Խորհրդի մտցրած պատժամիջոցները «ամենայն հավանականությամբ» կտարածվեն նաեւ ռուսական գրանցահամարներ ունեցող անձնական ավտոտրանսպորտի վրա, հետեւաբար ՌԴ քաղաքացիները չեն կարող Եվրամիության տարածք մտնել անձնական ավտոմեքենաներով անգամ զբոսաշրջային նպատակներով եւ անգամ կարճ ժամկետով։
ԵՀ-ն երկուշաբթի նաեւ նշել է, որ ԵՄ երկրները չպետք է խոչընդոտեն եվրոպական տարածք ռուսաստանցիների սովորական անձնական իրերի ներկրմանը, ինչպիսին են, օրինակ, հագուստը եւ հիգիենայի միջոցները, որոնք շատ բարձր արժեք չունեն եւ ճոխության առարկաներ չեն։ Մինչ այդ լուրեր էին պտտվում, որ ռուս զբոսաշրջիկները չեն կարողանա ԵՄ բերել անձնական իրեր, ընդհուպ մինչեւ շամպուն եւ զուգարանի թուղթ։
«Տեղեկացնում ենք, որ պատժամիջոցների հետ կապված բոլոր հարցերը վերաբերում են ԵՄ անդամ պետությունների իրավասությանը, որոնք գործում են Եվրահանձնաժողովի հրահանգներին համապատասխան։ Անհրաժեշտ է հարցում ուղարկել համապատասխան ազգային իրավասու մարմին»,- նշվել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցմանն ի պատասխան։ Նշվել են ՌԴ քաղաքացիների համար այն իրերը, որոնք կարող են առգրավվել պատժամիջոցային սահմանափակումները խախտելու պատճառով։
ԵՄ անդամ երկրների համապատասխան պետական ծառայությունների ցուցակը հրապարակվել է Եվրահանձնաժողովի հատուկ կայքում։
Եվրամիության պատժամիջոցները հաստատվում են ԵՄ Խորհրդի (որի մեջ մտնում են բոլոր 27 պետությունները) միաձայն որոշմամբ։ Սակայն պատժամիջոցների կիրառման եւ դրանց մեկնաբանման հարցերը մտնում են միության առանձին պետությունների կառավարությունների իրավասության տակ։ Եվրահանձնաժողովն, իր հերթին, սահմանափակիչ միջոցներին հետեւելու հրահանգներ է տալիս։





























