Եվրահանձնաժողովի վերջին պարզաբանումները Եվրամիության տարածք Ռուսաստանում գրանցված անձնական ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին ուղղված են նրան, որ ռուսների մուտքը ԵՄ փաստացի անհնար դարձնեն ուղիղ ավիահաղորդակցության բացակայության եւ վիզային պահանջների խստացման պայմաններում։ Այս մասին ասվում է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ:

«Հիշյալ պարզաբանումներն ուղղված են նրան, որպեսզի ուղիղ ավիահաղորդակցության բացակայության եւ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների խստացման պայմաններում նրանց համար անհնարին դարձնեն Եվրամիություն մուտքը»,-կարծում են մշտական ներկայացուցչությունում:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը պարզաբանում է հրապարակել, որում հայտնել է, որ ԵՄ Խորհրդի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները տարածվում են նաեւ ՌԴ քաղաքացիների անձնական ավտոտրանսպորտի վրա, որոնք ունեն ռուսական հաշվառման համարներ, համապատասխանաբար, ՌԴ քաղաքացիները չեն կարող անձնական մեքենաներով մուտք գործել Եվրամիության տարածք նույնիսկ տուրիստական նպատակներով եւ կարճ ժամանակով:

ԵՀ-ում նաեւ նշել են, որ ԵՄ երկրները պետք է առաջնորդվեն ողջախոհությամբ եւ չխոչընդոտեն ռուսների սովորական անձնական իրերի ներմուծմանը եվրոպական տարածք, ինչպես, օրինակ, հագուստի եւ հիգիենայի միջոցների ներմուծումը, որոնք շատ բարձր արժեք չունեն եւ շքեղության առարկաներ չեն հանդիսանում: