Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումում (ԱՏՖ), փորձել է նվազեցնել Հայաստանի հետ իրավիճակի սրությունը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը։
«Վլադիմիր Պուտինը որպես փորձառու դիվանագետ փորձում է Հայաստանի հետ կոնֆլիկտից խուսափել, քանի որ մենք հասկանում ենք, որ այս կամ այն վարչապետերը գալիս ու գնում են, իսկ ռուս-հայկական հարաբերությունները գոյություն ունեն, գոյություն են ունեցել մինչ այժմ եւ ունենալու են հետո»,- նշել է փորձագետը։
Մոսկվան, ինչպես ընդգծել է Նովիկովը, փորձում է բոլոր ուժերով խուսափել ուղիղ կոնֆլիկտից Հայաստանի ներկա իշխանությունների հետ, որն ամեն ինչ անում է, որպեսզի գրգռի ՌԴ-ին եւ սադրի նրան։
Հայաստանի վարչապետի նման՝ առճակատման ուղեգիծը, փորձագետի խոսքով, հասկանալի է։ «Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական անհաջողությունների, փաստացի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հեռանալու իրավիճակում Փաշինյանին ամպրոպացիր է հարկավոր, որին վերագրելու է իր բոլոր անհաջողությունները,- նշել է փորձագետը։- Դատելով նրա գործողություններից՝ նա որպես այդպիսի ամպրոպացիր ընտրել է Ռուսաստանին»։
Վերլուծաբանի կարծիքով՝ Փաշինյանը կշարունակի Մոսկվայի հետ կոնֆլիկտ սադրելու իր ուղեգիծը։ «Նրան ամպրոպացիր է հարկավոր, որպեսզի իրենից վանի այն ողջ հասարակական էներգիան, որը կարող է առաջանալ նրա ձախողակ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործողությունների հետեւանքով»,- նշել է Նովիկովը։
Ավելի վաղ Պուտինն Արեւելյան տնտեսական ֆորումի իր ելույթում նշել էր, որ որեւէ շրջադարձ չի տեսնում ռուս-հայկական հարաբերություններում։ Նա նաեւ նշել էր, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։





























