Վթարները Հայաստանում շատ են, որովհետեւ ավտոմեքենաներն այնքան շատ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, թե կառավարությունը խոսում է ասֆալտապատված ճանապարհներից, բայց վթարներն անպակաս են մեզնից:

Նա նշեց, որ երբ այդ հարցը բարձրացրել է ՆԳ նախարարի առջեւ, նա պատասխանել է, որ նաեւ այդ նոր ասֆալտապատ ճանապարհներն են պատճառը, որ այդքան վթար է լինում. «Մարդիկ այդ ասֆալտապատ ճանապարհն ընկնում են, ինքնամոռաց գազ են տալիս: Մի քիչ աբսուրդ է հնչում, բայց դա ճշմարտություն է: Բայց մենք չենք պատրաստվում ասֆալտապատումը դադարեցնել, այլ պատրաստվում ենք այլ միջոցներ ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը: