Որոշել ենք նախընտրական քարոզչության մոնիթորինգային առաքելություն իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ առաքելության կազմում ընդգրկված է ավելի քան 100 մարդ։

«Մենք մտածեցինք, որ կարող ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին, քանի դեռ ԿԸՀ-ն զբաղված է Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը որեւէ պետության մաս ճանաչելը քրեականացնելու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության շրջանակներում հավաքված ստորագրությունների ստուգմամբ»,-հավելեց Չալաբյանը:

Նրա խոսքով՝ հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ ընտրություններում միշտ հաղթում է իշխանությունը։ Նա վստահեցրեց, որ դա այդպես չէ՝ հիշեցնելով ընդդիմության հաղթանակները Հայաստանի բազմաթիվ քաղաքներում եւ գյուղերում, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, Բերդում, Չարենցավանում, Ալավերդիում:

Չալաբյանը խիստ կարեւոր համարեց, որ սեպտեմբերի 17-ին քաղաքացիները սեփական ձայնով ձեւավորեն մայրաքաղաքի իշխանությունը:

Նա վստահեցրեց, որ բոլոր խախտումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական վարույթի համար, կներկայացվեն ոչ միայն ԿԸՀ, այլեւ գլխավոր դատախազություն: