Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան եւ շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պարոն Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը եւ հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի շուրջ: