Արևմտյան Բալկանների որոշ առաջնորդներ ավելի ու ավելի են հիասթափվում, որ Ուկրաինան առաջ է անցնում իրենց երկրներից ԵՄ-ին անդամակցելու գործընթացում, ինչը հանգեցնում է դաշինքին միանալու իրենց տարիների ջանքերի ձգձգմանը: Այս մասին գրում է Financial Times-ը։
«Ես ուկրաինացիների դեմ ոչինչ չունեմ,- Financial Times-ին է ասել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։- Սակայն Ուկրաինային ԵՄ-ի աջակցության մակարդակը, նրան ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը հայտ ներկայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում և հնարավոր անդամակցության բանակցությունները հաջորդ տարի սկսելը, ցույց է տալիս, որ մենք երբեք չենք ունեցել (նման քաղաքական աջակցություն)»,- ասել է նա:
Կիևը անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարին՝ պատերազմը սկսվելուց օրեր անց, և չորս ամիս հետո՝ ստացել թեկնածուի կարգավիճակ։ Մյուս կողմից, Բելգրադը ստիպված էր սպասել ավելի քան չորս տարի՝ 2014 թվականին անդամակցության բանակցությունները սկսելու դիմումը ներկայացնելուց հետո: Սերբիայի բանակցությունները ներկայումս փակուղում են մի քանի հարցերի շուրջ, որոնցից առավել ուշագրավ է Բելգրադի՝ Կոսովոյի նախկին նահանգի հետ հարաբերությունները կարգավորելու ձախողումը, որը անկախություն է հռչակել 2008 թվականին:
Սերբիան նաև Արևմտյան Բալկանների միակ երկիրն է, որը չի ընդունել ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչն էլ ավելի է դանդաղեցրել նրա անդամակցության հեռանկարները: ԵՄ-ն խոստացել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների՝ Սերբիայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության գործընթացը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջին անդամակցումը պետք է տեղի ունենա մինչև 2030 թվականը, գրում է Financial Times-ը։





























