Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ճանապարհել են Պրիմորսկի երկրամասի Արտեմ-Պրիմորսկի-1 կայարանից, նրա զրահապատ գնացքը շարժվել է դեպի երկրամասի հարավային սահմանը։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին։ Կիմ Չեն Ընը Ռուսաստանում անցկացրեց վեց օր։ Նրա այցը սկսվել է սեպտեմբերի 12-ին։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Կիմ Չեն Ընին կառամատույցում ճանապարհել են Արևելյան ռազմական օկրուգի պատվո պահակախումբը և Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի զորախումբը։ Երաժիշտները կատարել են ՌԴ և ԿԺԴՀ օրհներգերը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը շարժվել է դեպի Խասանի սահմանային անցակետ։
Կիմ Չեն Ընը Ռուսաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 13-ին Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում նա հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցի ընթացքում ԿԺԴՀ ղեկավարը հանդիպել է նաև փոխվարչապետ Դենիս Մանտուրովին և ծանոթացել Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն ձեռնարկություններին, իսկ Վլադիվոստոկում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ մարտական ինքնաթիռներին և «Կինժալ» համալիրին։ Մշակութային ծրագրի շրջանակում Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմում Կիմ Չեն Ընին ցուցադրվել է «Քնած գեղեցկուհին» բալետը, նաև այցելել է Պրիմորսկի օվկիանարիումը։
Վլադիմիր Պուտինից Կիմ Չեն Ընը ստացել է կարաբին և ձեռնոց՝ տիեզերքում եղած տիեզերահագուստից։ Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն ԿԺԴՀ-ի առաջնորդին գրոհային զրահաբաճկոն և ռուսական արտադրության վեց ԱԹՍ է նվիրել, տեղեկացնում է «Կոներսանտը»։





























