ԱՄՆ-ն ունակ է հետ մղել Թայվանի վրա հնարավոր հարձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին։
«Դա միանգամայն հնարավոր է»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրերին, համապատասխան երաշխիքներին: Մենք ցանկանում ենք խաղաղ հարաբերություններ ՉԺՀ-ի և Թայվանի միջև,,- ասել է Միլին:- Բայց ռազմական առումով, կարծում եմ, որ Չինաստանը մեծ ռազմավարական սխալ կգործի, եթե փորձի հարձակվել կամ գրավել Թայվանը»:
Թայվանը կառավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չան Կայշիի գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները փախան կղզի՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայվանը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը: Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մարզերից մեկը։
Միացյալ Նահանգները 1979 թվականին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և հաստատել դրանք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը միևնույն ժամանակ շարունակում է կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ և զենք մատակարարել։





























