Թուրքիան «ինտենսիվ բանակցություններ» է վարում տարածաշրջանային գործընկերների հետ Հնդկաստան-Մերձավոր Արեւելք առեւտրային միջանցքի այլընտրանքի վերաբերյալ, որն այս ամիս համաձայնեցվել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովում, քանի որ Անկարան ջանում է ամրապնդել իր պատմական դերը որպես տրանսպորտային երթուղի Ասիայից Եվրոպա տեղափոխվող ապրանքների համար, գրել է FT-ն։
Անկարան դեմ էր առաջարկված Հնդկաստան-Մերձավոր Արեւելք երթուղուն, որը ապրանքներ կտեղափոխի Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Իսրայելի միջոցով դեպի եվրոպական շուկաներ։ Քննարկվող միջանցքը, որին աջակցում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, որոնք փորձում են դիմակայել Չինաստանի աճող ազդեցությանը, լիովին կշրջանցի Թուրքիան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի հանդիպումից հետո հայտարարել է, որ «չի կարող որեւէ միջանցք լինել առանց Թուրքիայի»՝ ավելացնելով, որ «առավել հարմար երթուղին արեւելքից արեւմուտք առեւտրի համար պետք է անցնի Թուրքիայով»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ «փորձագետները կասկածում են, որ [Հնդկաստան-Մերձավոր Արեւելք միջանցքի] հիմնական նպատակը իրատեսությունն ու արդյունավետությունն է՝ ենթադրելով, որ այստեղ գործադրվել են «ավելի շուտ աշխարհառազմավարական խնդիրներ»։
«Առեւտրային ճանապարհը նշանակում է ոչ միայն հանդիպում միայն առեւտրի հետ։ Դա նաեւ արտացոլում է աշխարհառազմավարական մրցակցությունը»,- ասել է Ֆիդանն ի պատասխան Financial Times-ի հարցի։
Թուրքիան ջանում է ընդգծել կամրջի իր ավանդական դերը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, պատմություն, որի արմատները հասնում են Մետաքսի ճանապարհի բազմադարյա պատմությանը։
Անկարան գովազդում է «Իրաքի զարգացման ուղի» անունը կրող այլընտրանքը, իսկ Ֆիդանը նշել է, որ Իրաքի, Կատարի եւ ԱՄԷ-ի հետ «ինտենսիվ բանակցություններ» են վարվում այն նախագծի վերաբերյալ, որը մշակվելու է «հաջորդ մի քանի ամիսների ընթացքում»։
Բաղդադի կառավարության հրապարակած սխեմաների համաձայն, առաջարկվող 17 մլրդ դոլար արժողությամբ երթուղին ապրանքները նավթով հարուստ հարավային Իրաքի Գրանդ Ֆո նավահանգստից իրաքյան 10 նահանգներով կհասցնի նաեւ Թուրքիա։
Պլանը հենվում է 1 200 կիլոմետրանոց գերարագ երկաթուղու եւ զուգահեռ ճանապարհային ցանցի վրա։ Սխեման բաղկացած է երեք փուլից. առաջինը նախատեսվում է ավարտել 2028թ, վերջինը՝ 2050թ.։
Վերլուծաբանները, սակայն, ասում են, որ մտավախություններ կան «Զարգացման ուղիներ» նախագծի իրականացման հետ կապված՝ ֆինանսական եւ անվտանգային նկատառումներից ելնելով։
«Թուրքիային ֆինանսները չեն բավականացնում ամբողջ նախագծի իրականացման համար, եւ, ըստ երեւույթին, նա ակնկալում է ԱՄԷ եւ Կատարի աջակցությունը առաջարկվող ենթակառուցվածքի ստեղծման հարցում»,- ասել է Eurasia Group վերլուծաբանական կենտրոնի Եվրոպայի գծով տնօրեն Էմրե Փեքերը։ «Որպեսզի դա տեղի ունենա, Պարսից ծոցի պետությունները պետք է համոզված լինեն ներդրումների լավ փոխհատուցելիության հարցում, ինչն առաջիկայում չի երեւում»։
Փեքերն ավելացրել է, որ գոյություն ունեն նաեւ «խնդիրներ՝ կապված անվտանգության եւ կայունության հետ, որոնք սպառնում են ինչպես նախագծի շինարարությանը, այնպես էլ երկարաժամկետ իրականացվելիությանը»։
Իրաքն ընկղմված է անզուսպ կոռուպցիայի մեջ, որը քայքայում է ենթակառուցվածքը, նրա կառավարությունը թույլ է եւ քաղաքական անկայունության մշտական նոպաների մեջ է։ Պարզ չէ նաեւ, թե ինչպես է Իրաքը ֆինանսավորելու նախագիծը։
Վերլուծաբանները եւ արեւմտյան դիվանագետները նշել են, որ G20-ի առաջարկած միջանցքը եւս կարող է ստեղծվել տասնամյակների ընթացքում։
Թուրքիան ձգտում էր ռազմավարական գիծ որդեգրել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ՝ փորձելով ամուր կապեր պահպանել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Նման մոտեցումը երբեմն սրում էր լարվածությունն Արեւմուտքի հետ հարաբերություններում։ Այս շաբաթ, օրինակ, թուրքական երկու ընկերություն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ իբր Ռուսաստանի պատերազմին աջակցելու պատճառով։
Անկարան ընդհանուր առմամբ պաշտպանում է չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը, ավելացրել է Փեքերը, բայց, ըստ նրա, նրա դերն այդ սխեմայում սահմանափակ է։ Քարնեգի հիմնադրամի վերջերս կատարած հետազոտության համաձայն՝ Պեկինը մոտ 4 մլր դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, ինչը կազմում է ընդհանուր գումարի ըմդամենը 1,3 տոկոսը։
Seta-ի արտաքին քաղաքականության հետազոտության գծով տնօրեն Մուրաթ Եշիլթաշը, որը կապեր ունի Էրդողանի կառավարության հետ, ասել է, որ, չնայած այլընտրանքային առաջարկին, Անկարան դեռ կարող է պնդել, որ միանա Հնդկաստան-Մերձավոր Արեւելք նախաձեռնությանը։
Էրդողանը կարող է իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ստանալ ԱՄՆ գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպման ընթացքում։





























