Հարավային Կորեայի նախագահը մտադիր է ՄԱԿ ԳՎ-ում բարձրացնել Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ ռազմական համագործակցության հարցը։
«Ռազմական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի միջեւ անօրինական է եւ չարդարացված, քանի որ հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ միջազգային այլ բանաձեւերի»,- ասել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Associated Press-ին Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ ԳՎ-ին։ «Միջազգային հանրությունը կմիավորվի ի պատասխան այդ քայլի»,- ասել է նա։
ՄԱԿ ամենամյա հանդիպմանը նախատեսվող իր ելույթում Յունը կպատմի ռուս-հյուսիսկորեական քայլերի իր գնահատականի մասին։ Սեուլն արդեն քննարկում է հակամիջոցներն ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ այլ գործընկերների հետ։
«Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն հաստատել են, որ Հյուսիսային Կորեայի ցանկացած միջուկային գրոհ կհանդիպի արագ, ճնշիչ եւ վճռական պատասխանի, որը կհանգեցնի վարչակարգի վախճանին»,- ասել է Յունը։
Անցած տարի պաշտոնն ստանձնելու պահից Յունը ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը դարձրել է իր արտաքին քաղաքականության հիմքը՝ ջանալով դուրս գալ Ճապոնիայի հետ պատմական վեճերի շրջանակից եւ ընդլայնել Սեուլ-Վաշինգտոն-Տոկիո եռակողմ համաձայնագիրը։ Դա առաջ է բերել երկյուղներ այն մասին, որ Հարավային Կորեայի հարաբերություններն իր ամենախոշոր առեւտրային գործընկերոջ՝ Չինաստանի հետ կարող են տուժել։
Յունը հերքել է այդ գաղափարը՝ հայտարարելով, որ «եռակողմ համագործակցությունը չի հետապնդում որեւէ կոնկրետ ազգի մարգինալացման կամ բացառիկ կոալիցիայի ստեղծման նպատակներ»։





























