ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բարձրամակարդակ շաբաթը կբացվի Նյու Յորքում։ Միջոցառմանը սովորաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից։ Բարձրամակարդակ շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 19-23-ին եւ 26-ին։

Կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ բարձրամակարդակ շաբաթը տեղի կունենա առանց սանիտարական սահմանափակումների, մասնակիցները պարտավոր են անձամբ ելույթ ունենալ բոլոր միրջոցառումներին, տեսաուղերձներ չեն թույլատրվում։

Բարձրամակարդակ շաբաթը կբացվի Գլխավոր վեհաժողովի 78-դ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ելույթներով՝ ընդհանուր քաղաքական բանակռիվների շրջանակում, որոնք կազմում են միջոցառման հիմնական բովանդակությունը։ Այնուհետեւ, համաձայն ստեղծված ավանդույթի,  ելույթ կունենա Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Նրանից հետո ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս տարի Բայդենը «հնգյակի» (ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ) ղեկավարներից միակն է լինելու, որ այցելելու է Գլխավոր վեհաժողով։ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարներն այս տարի չեն նախատեսում Նյու Յորք այցելել։

Սեպտեմբերի 19-ին նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը։

Առաջին օրը, ինչպես սպասվում է, ելույթ կունենան նաեւ Իրանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին, Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Սադիր Ժապարովը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։ ՌԴ ԱԳՆ տեղեկացմամբ՝  նախարարը նախատեսում է մոտ 20 երկկողմ հանդիպում ունենալ նստաշրջանի շրջանակում։

Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի (նա գլխավորում է Չինաստանի պատվիրակությունը) ելույթը նախատեսված է սեպտեմբերի 21-ին, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը եւ Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան ելույթ կունենան սեպտեմբերի 23-ին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ինչպես սպասվում է, ելույթ կունենա սեպտեմբերի 22-ին։