ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր մոտ պահվող գաղտնի փաստաթղթերն օգտագործել է ենթակաների համար գործերի ցուցակների գրառման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփի նախկին օգնական Մոլի Մայքլը քննությանը հայտնել է, որ քանիցս Թրամփից հարցումներ եւ հանձնարարություններ է ստացել քարտերի դարձերեսին, նա ավելի ուշ հասկացել է, որ դրանք Սպիտակ տան գաղտնի փաստաթղթերն են, քանի որ դրանց վրա դրված էր գաղտնիության նշանը։ Այդ փաստաթղթերը, ինչպես նշել է ABC-ն, օգտագործվել են նախկին նախագահին տեղեկացնելու համար այլ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների եւ այլ միջազգային հարցերի մասին։
Աղբյուրները նշել են, որ այդ քարտերը գտնվել են Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) նստավայրում, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) այնտեղ խուզարկություն է իրականացրել 2022թ. օգոստոսի 8-ին, բայց դրանք չեն առգրավվել։ Մայքլը, որը ներկա չի եղել խուզարկության ժամանակ, հաջորդ օրը դրանք հայտնաբերել է նստավայրի իր աշխատասենյակի օրգանայզերում եւ հանձնել ՀԴԲ-ին։
Թրամփի ներկայացուցիչը ABC-ին հայտնել է, որ Մայքլի ցուցմունքներում, որոնք նա անվանել է «անլեգալ արտահոսք», «չկա պատշաճ համատեքստ եւ համապատասխան ինֆորմացիա»։ «Նախագահ Թրամփը ոչ մի վատ բան չի արել, նա միշտ ճշմարտության եւ թափանցիկության կողմնակից է եղել եւ գործել է հավուր պատշաճի, օրենքի համաձայն»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Հունիսի 13-ին Մայամիի դատարանը նախկին նախագահին ներկայացրել է գաղտնի փաստաթղթերի հետ պատշաճ կերպով չվարվելու մեղադրանք։ Թրամփին սպառնում են 400 տարվա ազատազրկում եւ խոշոր դրամական տուգանք։ Սակայն, չնայած դատական հետապնդմանը, նա կարող է մասնակցել 2024թ. նախագահական ընտրություններին։





























