ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն այցելելու պաշտոնական հրավերը։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Կողմերը հաստատել են հավատարմությունը երկու պետությունների միջեւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ ամերիկա-իրաքյան ռազմավարական շրջանակային համաձայնագրի սկզբունքներին։ Պետդեպարտամենտի ղեկավարը  վարչապետին է հանձնել նախագահ Բայդենի հրավերը՝ առաջիկայում այցելելու Սպիտակ տուն, ինչպես նաեւ հաստատել է Իրաքին անվտանգ եւ կայուն ապագա կառուցելու գործում օգնության ցուցաբերմանն ԱՄՆ հավատարմությունը»,- նշել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում։

INA տեղեկատվական գործակալությունն իր հերթին, հղում կատարելով Իրաքի կառավարությանը, տեղեկացրել է, որ աս-Սուդանին ընդունել է հրավերը եւ պատրաստակամություն հայտնել այցելելու ԱՄՆ նախագահի նստավայր նշված ժամանակ։ Վարչապետը նաեւ ընդգծել է իրաքա-ամերիկյան կոմիտեի աշխատանքի վերականգնման անհրաժեշտությունը, որը նախատեսվում էր ստեղծել շրջանակային համաձայնագրով։

Աս-Սուդանին նշել է, որ Իրաքը նախկինի պես գնահատում է համագործակցությունն ԱՄՆ ԶՈւ-ի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդների դեմ պայքարի ոլորտում, չնայած Իրաքի բանակը վերջին ժամանակներս էապես ավելացրել է իր հզորությունն ու այժմ կարող է ինքնուրույն ապահովել անվտանգությունը երկրի ներսում։