Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ արդեն այս աշնանը թագավորությունը կդառնա ՆԱՏՕ լիիրավ անդամ, եւ որ դա տեղի կունենա, հենց որ Թուրքիայի խորհրդարանը սկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո։

«Վիլնյուսում մենք եկել ենք համաձայնության ՆԱՏՕ-ին [մեր] անդամակցության մասին, եւ ես վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է»,- ասել է շվեդ քաղաքական գործիչը Նյու Յորքում, SVT հեռուստաալիքի հարցազրույցում, ուր մեկնել էր մասնակցելու ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի աշխատանքին։

Թուրքիայում SVT-ի թղթակից Թոմաս Թուրենը չի կիսում Շվեդիայի վարչապետի լավատեսությունը՝ կարծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած ազդանշանները վկայում են այն մասին, որ հարցը Թուրքիայի հետ դեռ վերջնականապես լուծված չէ։ Թուրքական կողմը նախկինի պես բավարարված չէ նրանով, թե ինչպես է Շվեդիան կատարում ստանձնած պարտավորությունները երկրի տարածքում ապրող քուրդ ակտիվիստների հանդեպ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Բացի այդ, շվեդական հայտի վավերացման հետ է կապվում ԱՄՆ-ի կողմից երկրին F-16 ինքնաթիռների վաճառքի հարցը։

Թուրքիան համաձայնել է հանել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վետոն Քրիստերսոնի, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Էրդողանի խորհրդակցություններից հետո Վիլնյուսում գագաթաժողովից առաջ, որը տեղի է ունեցել հուլիսի 11-12-ին։ Ստոկհոլմը խոստացել է չաջակցել այն կազմակերպություններին, որոնք Անկարան ահաբեկչական է համարում, եւ նրան ամեն տեսակ օժանդակություն ցուցաբերել ԵՄ-ին անդամակցության հարցում։ Բայց այս ամռանը Շվեդիայում տեղի ունեցան մի շարք ցույցեր Ղուրանի այրմամբ, այդ ակցիաները խիստ բացասական արձագանք առաջացրին մուսուլմանական երկրներում եւ սրեցին հարաբերությունները Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ։