Եվրախորհրդարանականները կոչ են անում վերանայել ԵՄ եւ Բաքվի հարաբերությունները եւ պատժամիջոցներ մտցնել Ադբեջանի իշխանությունների դեմ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել՝ արտաքին գործերի կոմիտեի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեւիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Հայաստանի գծով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչեւը, Ադրբեջանի գծով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն։

«Մենք ամենավճռական ձեւով դատապարտում ենք Ադրբեջանի այսօրվա նախապես ծրագրված եւ չարդարացված հարձակումն Արցախի դեմ։

Մենք ափսոսում ենք մարդկային զոհերի համար պայթյունների հետեւանքով, որոնց մասին տեղեկացվել էր ավելի վաղ այս նույն օրը, եւ մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին։ Սակայն ոչ մի հանգամանք չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան։

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Ուղիղ բանակցությունները Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ Արցախի հայերի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են, եւ ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին։

Մենք ափսոսում ենք, որ Բաքվի հարձակումը լրջորեն խափանում է ընթացիկ խաղաղ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջերս արած կոչերը բարձր մակարդակով բանակցությունները վերսկսելու մասին։

Հիշեցնենք, որ գրոհը տեղի է ունեցել Արցախում խոշոր հումանիտար ճգնաժամի համատեքստում, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո վերջին ինն ամիսների ընթացքում, խախտելով Բաքվի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի պարտավորությունները եւ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները։ Արցախի հՀումանիտար հասանելիությունը պետք է լրիվ եւ ընդմիշտ վերականգնվի։

Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանի գործողությունների հետեւանքներով քաղաքացիական բնակչության համար եւ Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռազմական էսկալացիայի օգտագործումից՝ որպես պատրվակ տեղի բնակչության բռնի տեղահանման համար։

Անհապաղ հրադադարի բացակայության պայմաններում մենք կոչ ենք անում ԵՄ Խորհրդին հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները եւ քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցը»։