ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային։ Նրա խոսքով, տնտեսապես փոքր պետությունները պետք է ավելի մեծ ազդեցություն և կշիռ ունենան միջազգային կառույցներում։ Այդ իսկ պատճառով, ասել է Բայդենը, անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխում և ավելի մշտական և ոչ մշտական անդամների ընդգրկում։ «Մենք պետք է կարողանանք ճեղքել շրջափակումը, որը շատ հաճախ խոչընդոտում է առաջընթացին և արգելափակում կոնսենսուսը Խորհրդում», - ասել է Բայդենը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր բացման խոսքում նույնպես կոչ է արել բարեփոխել կազմակերպության Անվտանգության խորհուրդը։ «Աշխարհը փոխվել է, իսկ մեր ինստիտուտները՝ ոչ։ Մենք չենք կարող արդյունավետ լուծել մեր ժամանակի խնդիրները, եթե ինստիտուտները չարտացոլեն աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Նրանք լուծում լինելու փոխարեն կարող են դառնալ խնդրի մի մասը։ Եկել է ժամանակը փոխելու բազմակողմանի կառույցները՝ հիմնվելով 21-րդ դարի տնտեսական և քաղաքական իրողությունների վրա»,- ասել է Գուտերեշը։





























