Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը անկեղծ ափսոսանք է առաջացնում եւ որեւէ օգուտ չի բերում ռուս-հայկական հարաբերություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության կոմիտեի անդամ Ալեքսանդր Բաշկինը։

«Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը օգուտ չի բերում ռուս-հայկական հարաբերություններին։ Վերջին ժամանակներս նրա կատարած շատ քայլեր անկեղծ ափսոսանք են առաջացնում։ Ռուսաստանը չի միջամտում հակամարտությանը եւ չի միջամտելու, քանի դեռ չի առաջացել սպառնալիք ռուս խաղաղապահների համար։ Մենք չենք թողնի, որ նեղացնեն իրենց միջազգային առաքելությունը կատարող մեր զինվորականներին։ Ով դրան չի հավատում, թող հիշի 2008 թվականը»,- ասել է Բաշկինը։

Սենատորը հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է խոստովանել, որ Ադրբեջանը  տիրում է Լեռնային Ղարաբաղին։

«Սակայն, երբ որոշակի ուժեր Հայաստանի ներսում սկսեցին ճնշում գործադրել Փաշինյանի վրա՝ կշտամբելով այդ դիրքորոշման համար, նա ավելի լավ բան չգտավ, քան հրապարակայնորեն ամեն ինչ Մոսկվայի վրա բարդելը։ Չնայած ռուս խաղաղապահները... ոչ մի կողմ չեն հակվում։ Չեն միջամտում հակամարտությանը»,- ընդգծել է խորհրդարանականը։