Մոսկվայի եւ Թեհրանի փոխգործակցությունը նոր մակարդակ է բարձրանում, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ երկխոսությունն այժմ զարգանում է շատ ինտենսիվորեն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Կողմնորոշված ենք նախատեսված միջոցառումների ողջ համալիրի իրականացմանը՝ չնայած ԱՄՆ եւ նրա արեւմտյան դաշնակիցների դիմակայությանը։ Պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ անհեռանկարային է, այն դեպքում, երբ ռուս-իրանական փոխգործակցությունը բարձրանում է նոր մակարդակ»,- ասել է Շոյգուն Իրանի պաշտպանության եւ Զինված ուժերի աջակցման նախարար Մոհամադ Ռեզա Աշթիանիի հետ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի։
Նա հայտարարել է «հետագա համատեղ գործողությունների պատրաստակամության մասին Մերձավոր Արեւելքում կայունության եւ անվտանգության ամրապնդման ոլորտում»։ «Գոհունակությամբ ենք նշում,- ասել է Շոյգուն,- որ այսօր ռուս-իրանական երկխոսությունը հատկապես ինտենսիվորեն է զարգանում»։
Նրա խոսքով՝ դա շատ բանով պայմանավորված է վստահալից հարաբերություններով, որոնք ստեղծվել են Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարների միջեւ։ «Հանդիպումների բարձր դինամիկան հաստատում է պաշտպանական ոլորտում ռազմավարական գործընկերության եւ ռազմական համագործակցության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։





























