Ջո Բայդենը համաշխարհային ղեկավարներին կոչ է արել աջակցել Ուկրաինային, չնայած Կիեւի դաշնակիցները հայտարարել են, որ այժմ սպասում են, որ պատերազմը երկար կտեւի, գրել է Bloomberg-ը։

ԱՄՆ նախագահի ուղերձը հնչել է  երկրի ներսում Ուկրաինային աջակցության առնչությամբ աճող հարցերի ֆոնին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ներկայացրել էր փաստարկներ հօգուտ ռազմական գործողությունների շարունակման, նույնն անելու է Վաշինգտոնում այս շաբաթ ավելի ուշ։ Բայց քանի որ նրա զորքերն ամբողջ ուժով փորձում են հասնել լուրջ հաջողությունների մարտադաշտում, Զելենսկին, հավանաբար, կբախվի ավելի կոշտ լսարանի։

Կոնգրեսում ընդդիմանում են Ուկրաինայի աջակցության ֆինանսավորմանը, եւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունների մի քանի հանրապետական թեկնածուներ կոչ են արել կրճատել պարտավորությունները։ Այլ երկրներում Ուկրաինան եւ նրա դաշնակիցները հասել են աննշան առաջընթացի այսպես կոչված Գլոբալ Հարավի խոշոր երկրների հանդեպ հաղթանակի նվաճման հարցում։ Ընդ որում՝ դրանցից շատերը պնդում են խաղաղ բանակցությունների հարցում։

«Մենք պետք է դիմակայենք այս անթաքույց ագրեսիային այսօր եւ զսպենք պոտենցիալ ագրեսորներին վաղը»,- ասել է Բայդենը երեքշաբթի, ՄԱԿ նիստում։ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները եւ գործընկերները, ըստ նրա, «ասյուհետ եւս կաջակցեն Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազատությունը»։

«Մեծ յոթնյակի» եվրոպական երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ պատերազմը կարող է վեց կամ յոթ տարի տեւել, եւ որ դաշնակիցները պետք է պլանավորեն ֆինանսները, որպեսզի շարունակեն աջակցել Ուկրաինային այդքան երկար ժամանակի համար։

«Դա հեշտ չի լինելու։ Դա մեծ ճնշում կգործադրի հասարակության, կառավարությունների վրա Եվրոպայում տարբեր ընտրությունների ընթացքում»,- ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։ «Բայց Ուկրաինային աջակցության այդ միջնաժամկետ ռազմավարության առկայությունը կօգնի մեզ հաջողության հասնել»։

Բայց եւ այնպես, Ուկրաինան կբախվի աճող խնդիրների՝ Արեւմուտքից զենքի անբավարար մատակարարման պատճառով, ասել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան։

«Մեծ յոթնյակի» պաշտոնյաները քննարկել են ավելի մռայլ հեռանկարները երկուշաբթի ՄԱԿ նիստի շրջանակում տրված ընթրիքի ժամանակ եւ համաձայնել են, որ հակամարտությունը կտեւի երկար ժամանակ, լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Կիեւը եւ նրա դաշնակիցները ներկայում, ինչպես եւ առաջ, դեմ են բանակցություններին։

Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Արեւմուտքի ուժերը չեն բավականացնի Կիեւին աջակցությունը շարունակելու համար։ Բայց հրադադարի մասին համաձայնագիրը, որը ճանաչում է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի 17 տոկոսի փաստացի անեքսիան, անընդունելի է, եւ ռուսական ուժերը պետք է դուրս գան բոլոր հողերից, որոնք նվաճել են հարեւան պետություն անցած տարվա փետրվարին ներխուժելուց հետո, ավելացրել է պաշտոնյան։

«Ուկրաինացիները արագ հաջողության հասնելու հնարավորություն չունեն»,- ասել է Պենտագոնի նախկին ավագ վերլուծաբան, այժմ՝ Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Դարա Մասիքոտը։ «Դա շատ ծանր պայքար է Ուկրաինայի համար»։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ վստահ է, որ ԱՄՆ-ն եւ մյուս դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ չնայած աճող դիմադրությանը։ «Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա նաեւ վտանգավոր կլինի մեզ համար»,- ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ասել է Սթոլտենբերգը Bloomberg Television-ի հարցազրույցում։

Ուկրաինային աջակցությունից հրաժարումը դաշինքի վրա «շատ ավելի թանկ կնստի եկարաժամկետ հեռանկարում, որովհետեւ այդ դեպքում մենք ավելի խոցելի կլինենք ռուսական կամ չինական հարկադրանքի կամ ռազմական սպառնալիքի առջեւ», ասել է նա։