Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան քննադատել է Ուկրաինային հացահատիկի ներմուծման առիթով կայացրած որոշման համար, ինչը մեծացրել է լարվածությունը երկու երկրների միջեւ։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ ուկրաինական հացահատիկը լեհական շուկայում վաճառվի առանց վերահսկողության»,- ասել է Դուդան Bloomberg Television-ի հարցազրույցում։ «Մենք էլ մեր քաղաքացիներն ունենք, եւ մենք պետք է հոգանք նրանց շահերի մասին»,- ասել է նա։
Հացահատիկի հետ կապված տարաձայնությունները խորացել են, քանի որ Վարշավան երկարացրել է արեւելյան հարեւանի ցորենի ներմուծման արգելքը՝ փորձելով հանգստացնել իր ֆերմերներին։ Ի պատասխան՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն Լեհաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի դեմ։
Դուդայի հայտարարությունները մասամբ կապված են նախագահ Վլադիմիր Զելենսկու մեկնաբանությունների հետ, որոնք նա արել է երեքշաբթի X սոցցանցում։ Նա մեղադրել է «ոմանց Եվրոպայում», քանի որ նրանք «հացահատիկը վերածում են թրիլերի»։
Լարվածությունը խորանում է։ Դուդան ասել է, որ նախատեսում էր հանդիպել Զելենսկու հետ Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում, բայց հետո նշել է, որ հանդիպումն անհնար է դարձել որոշ պատճառներով։
Պատերազմի առաջին ամիսներին Լեհաստանի եւ Ուկրաինայի նախագահները մշտապես շփվել են հեռախոսով։ Դուդան ապրիլին կանգնած էր Զելենսկու կողքին Վարշավայում եւ երդվում էր, որ Ռուսաստանը երբեք չի բաժանի հարեւաններին։
Չնայած Լեհաստանը փակել է իր շուկան ուկրաինական հացահատիկի համար, երկիրը նախկինի պես թույլ է տալիս դրա տարանցումն իր երկրով, որի ծավալը, ըստ Դուդայի, այս տարի կրկնակի ավելացել է։
Տարաձայնություններն ահազանգում են այն մասին, որ այն, ինչ աննշան էր թվում, վերաճել է մի ինչ-որ ավելի մեծ բանի։ Եթե իրավիճակը վատանա, դա կարող է ուղիղ հետեւանքներ ունենալ պատերազմի համար՝ հաշվի առնելով Լեհաստանի տեղը որպես կարեւոր տարանցման կետի Ուկրաինա եկող զենքի եւ օգնության համար։
Լեհաստանի համար այս հարցը քաղաքական է։ Կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը, որը հավակնում է երրորդ ժամկետին հոկտեմբերի 15-ին նշանակված ընտրություններում, չի ցանկանում կորցնել իր գյուղատնտեսական ընտրաբազան, այն դեպքում, երբ աճող դժգոհությունը Ուկրաինային աջակցության արժեքից ուժեղացրել է կուսակցության ծայրահեղ աջ ընդդիմադիրներին։
Լեհաստանը նաեւ Ուկրաինային ռազմական օգնության հիմնական աղբյուրն է, նա ընդունել է մոտ երկու միլիոն փախստականի։ Չարագուշակ նշան է նաեւ այն, որ Լեհաստանի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ կարող է աջակցություն չցուցաբերել փախստականներին հաջորդ տարի։
Դուդան հարցազրույցում ասել է, որ գոյություն ունեն «բազմաթիվ խնդիրներ», ներառյալ «խնդիրները մարդկանց միջեւ»։ «Իհարկե, գոյություն ունի որոշակի հոգնածության երեւույթը»,- ասել է նա։ «Բայց դա նորմալ է, դա պարզապես մարդկային է։ Շատ լեհեր շատ բան են զոհել, որպեսզի օգնեն իրենց հարեւան Ուկրաինային»։





























