ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուժար Օսմանին առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Արդբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում։

Օսմանին խոր անհանգստություն է հայտնել տարածաշրջանում ռազմական գործողությունների եւ այն վտանգի հետ կապված, որը դրանք ներկայացնում են տուժած քաղաքացիական բնակչության համար։ Անհապաղ ապաէսկալացիայի կոչ անելով՝ նա նորից անհանգստություն է հայտնել հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար լուրջ հետեւանքների հետ կապված։ Նա ընդգծել է, որ հումանիտար նկատառումները պետք է գերակշռեն, եւ տեղի բնակչության հումանիտար պահանջմունքները պետք է բավարարվեն։

Նա ընդգծել է, որ ուժի կիրառումը  վեճերի լուծման համար միշտ անընդունելի է եղել, եւ կառուցողական երկխոսությունը բարի կամքի ոգով կայուն խաղաղության տանող միակ ճանապարհն է։

Օսմանին հաստատել է իր անձնական եւ ակտիվ մասնակցության պատրաստակամությունը եւ ընդգծել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության տանող ճանապարհին։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պահպանել է համապատասխան փորձը, գիտելիքները եւ գործիքները երկխոսությանն աջակցելու, վստահության ամրապնդման եւ համապատասխան համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։