Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը 30 րոպեանոց հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Հեբեշթրայտը։

«Այսօր կանցլեր Շոլցը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ 30 րոպեանոց զրույցում նրանք քննարկել են Ուկրաինայի քաղաքական, ռազմական եւ հումանիտար իրավիճակը»,- նշել է Հեբեշթրայտը։ Նա ավելացրել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը ռազմական աջակցության համար, հատկապես հրետանու եւ հակաօդային պաշտպանության մասով։

Հանդիպման ընթացքում Շոլցը հավաստիացրել է Զելենսկուն, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիեւին միջազգային գործընկերների հետ գործունեության համակարգման հարցում։

«[Գերմանիայի] կանցլերը հաստատել է իր համերաշխությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասել է Հեբեշթրայտը եւ ավելացրել, որ աշխատանք կկատարվի նաեւ գալիք ձմռանը Ուկրաինայի բնակչության մատակարարումն ապահովելու ուղղությամբ։

Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ իր երկիրը Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ հաջորդ կոնֆերանսը կանցկացնի 2024թ. հունիսի 11-ին։