Հնդկաստանը Կանադան անվանել է «ապաստարան ահաբեկիչների համար» այն բանից հետո, երբ դադարեցրել է Կանադայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ կապված Օտտավայի մեղադրանքների աճող հետեւանքների հետ այն մասին, որ Նյու Դելին կարող է կանգնած լինել իր տարածքում սիկհ ակտիվիստի սպանության հետեւում, տեղեկացրել է CNN-ը։
Հինգշաբթի օրը Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բաղչին լրագրողներին ասել է, որ Կանադան պետք է «անհանգստանա իր միջազգային հեղինակությամբ՝ պայթյունավտանգ մեղադրանքների հետ կապված։
Մինչ այս հայտարարությունը Հնդկաստանը դադարեցրել էր վիզաների տրամադրումը Կանադայի քաղաքացիներին, քանի որ, նրա կարծիքով, այդ երկրում դիվանագետները ենթարկվում են «անվտանգության սպառնալիքների»։
Այս շաբաթ երկու երկրների միջեւ հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, որ Հնդկաստանը կարող է կանգնած լինել սիկհ ակտիվիստ Հարդիփ Սինգհ Նիջարի հունիսին տեղի ունեցած սպանության հետեւում, նա սպանվել էր Սուրեյ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), դիմակավոր երկու մարդկանց կողմից։
Հնդկաստանը հերքել է այս պնդումները՝ դրանք «անհեթեթ եւ մոտիվացված» անվանելով։ Բաղչիի խոսքով՝ Կանադան «ոչ մի կոնկրետ տեղեկություն, որը կհաստատեր այս մեղադրանքը, չի ներկայացրել»։
Հինգշաբթի օրը Հնդկաստանի տեղեկատվության եւ հեռուստառադիոհեռարձակման նախարարությունը հանդես է եկել խնդրանքով՝ «ձեռնպահ մնալ այն անձանց ամբիոն տրամադրելուց, որոնց ներկայացվել են լուրջ մեղադրանքներ, ինչպիսին է ահաբեկչությունը կամ օրենքով արգելված կազմակերպություններին պատկանելությունը»։
Հնդկաստանի կառավարությունը վաղուց մեղադրում է Կանադային անգործության մեջ սիկհերի գործողությունների հետ կապված, որոնք, ըստ այդ երկրի, ուղղված են սիկհերի առանձին հայրենիք ստեղծելուն, որը հայկտնի է որպես Խալիստան եւ ներառում է Հնդկական Փենջաբ նահանգի մի մասը։





























