ԱՄՆ-ն Լեհաստանից բացատրություններ է պահանջում Ուկրաինային նրա աջակցության առիթով՝ այն բանից հետո, երբ լեհ պաշտոնատար անձինք ենթադրել են, որ Վարշավան կարող է դադարեցնել ռազմական օգնությունը Կիեւին, գրել  Bloomberg –ը։

Բարձրաստիճան աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հավաստիացրել է, որ Լեհաստանը, ինչպես եւ նախկինում, պատրաստ է աջակցել Ուկրաինային, բայց երկրի ստույգ կողմնորոշումը մնում է անհստակ։

Այս շաբաթվա սկզբին Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան դադարեցրել է զենքի մատակարարումներն Ուկրաինա՝ սրելով վեճն արեւելյան հարեւանի հետ։

«Չնայած երկու երկրները հետագայում կոչ են արել թուլացնել լարվածությունը, այդ աղմկալի վեճը կասկածի տակ է դրել հարեւանների միջեւ հարաբերությունները բնորոշող միասնությունը։ Գժտությունը, որն առաջ է եկել ուկրաինական հացահատիկի պատճառով, որը քաղաքական բեռ է դարձել Լեհաստանի համար, վտանգում է խափանել Ուկրաինայի հետ եվրոպական համերաշխությունը ռուսական ագրեսիայի դեմ նրա պայքարում։

Սակայն ամերիկացի պաշտոնյան հավաստիացրել է, որ դաշնակիցների միջեւ տարաձայնություններն առայժմ չեն հանգեցրել Ուկրաինայի աջակցության կոալիցիայի միասնության քայքայմանը, ջանքեր, որոնք, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, կտեւեն մի քանի տարի»,- գրել է ԶԼՄ-ն։