Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը չի մրցակցում Եվրասիական տնտեսական միության հետ, այդ նախագծերը ներդաշնակորեն լրացնում են միմյանց, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իրոք, մենք բազմիցս վերադառնում ենք այս թեմային, և ոմանք նույնիսկ փորձում են կասկածներ սերմանել, որ մեր եվրասիական նախագիծը` Եվրասիական տնտեսական միության զարգացումը, և նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կարող են շահերի բախում ունենալ, կարող են ինչ-որ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ։ Սա սխալ է, ես արդեն բազմիցս ասել եմ, ընդհակառակը, մենք կարծում ենք, որ մի նախագիծը ներդաշնակորեն լրացնում է մյուսին»,- պատասխանել է Պուտինը։

Նրա խոսքով, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ կապված՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից շատ առաջ, որոշ գործընկերներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել, ինչը վերածվեց Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի նման մի բանի։ Նա նշել է, որ հաշվի առնելով լոգիստիկայի հետ կապված սահմանափակումները, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը շահագրգռված են նոր լոգիստիկ ուղիների ստեղծմամբ։