ՕՊԵԿ-ը առաջիկա զեկույցում կբարձրացնի նավթի պահանջարկի իր միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուր:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նախատեսում է թարմացնել նավթի պահանջարկի երկարաժամկետ կանխատեսումները իր «Նավթի համաշխարհային պահանջարկի 2023 թ․ կանխատեսումը» զեկույցում, որը կներկայացվի հոկտեմբերի 9-ին Էր-Ռիադում:
Նավթի ավելի բարձր պահանջարկը խթան կհանդիսանա արտադրողների և ՕՊԵԿ-ի 13 երկրների համար և կընդգծի շարունակական ներդրումների անհրաժեշտությունը: Այն նաև ընդգծում է ՕՊԵԿ-ի ավելի լավատեսական տեսակետը նավթի պահանջարկի հեռանկարի վերաբերյալ՝ համեմատած Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) և այլ կանխատեսողների հետ:
Զեկույցի ՕՊԵԿ-ի տարբերակը ենթադրում է, որ նավթի պահանջարկը կբարձրանա 2035 թվականից հետո: ՄԷԳ-ի և որոշ այլ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ գագաթնակետը սպասվում է ավելի վաղ։
ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը Financial Times-ի սեպտեմբերյան հոդվածում հայտարարել է, որ ՄԷԳ-ի նոր գնահատականները ցույց են տալիս, որ հանածո վառելիքի պահանջարկի «թվացյալ անդադար աճի դարաշրջանը կավարտվի այս տասնամյակում»:
Ի պատասխան՝ ՕՊԵԿ-ը հայտարարել է, որ տվյալների վրա հիմնված կանխատեսումները չեն հաստատում ՄԷԳ-ի կանխատեսումները, և որ այդ կանխատեսումները «վտանգավոր»են, քանի որ դրանք հաճախ ուղեկցվում են նավթի և գազի նոր ներդրումները դադարեցնելու կոչերով:




























