ՕՊԵԿ-ն իր տարեկան կանխատեսման մեջ բարձրացրել է նավթի համաշխարհային պահանջարկի միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները՝ նշելով, որ այդ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 14 տրիլիոն դոլարի ներդրում, հաղորդում է Reuters-ը:
Նավթ արտահանող երկրների կազմակերպության կարծիքը 2023 թվականի նավթի համաշխարհային կանխատեսման մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը, հակասում է այլ կանխատեսողներին, այդ թվում՝ Միջազգային էներգետիկ գործակալությանը, որոնք ասում են, որ պահանջարկը կարող է հասնել գագաթնակետին այս տասնամյակում:
«Վերջին իրադարձությունները ՕՊԵԿ-ի թիմին ստիպել են վերանայել, թե յուրաքանչյուր էներգիայի աղբյուր ինչ կարող է մատուցել՝ շեշտը դնելով պրագմատիկ և իրատեսական տարբերակների և լուծումների վրա», - զեկույցի առաջաբանում գրել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ Ալ-Գայսը:
«Նավթային նոր նախագծերում ներդրումները դադարեցնելու կոչերը սխալ են և կարող են հանգեցնել էներգետիկ և տնտեսական քաոսի», - ավելացրել է նա՝ գնահատելով նավթի ոլորտում անհրաժեշտ ներդրումները մինչև 2045 թվականը 14 տրիլիոն դոլար՝ անցյալ տարվա 12,1 տրիլիոն դոլար գնահատականի դիմաց:
ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ մինչև 2045 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 116 միլիոն բարել, ինչը մոտ 6 միլիոն բարելով ավելին է, քան սպասվում էր անցյալ տարվա զեկույցում, ընդ որում աճը գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը և ասիական այլ երկրներ, ինչպես նաև Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:
ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն անցյալ շաբաթ ասել է, որ ածխի, նավթի և բնական գազի համաշխարհային սպառումը կարող է հասնել գագաթանկետին մինչև 2030 թվականը:
ՕՊԵԿ-ը նաև բարձրացրել է պահանջարկի իր կանխատեսումները մինչև 2028 թվականը միջնաժամկետ կտրվածքով` վկայակոչելով այս տարվա կայուն պահանջարկը, չնայած տնտեսական հակահարվածներին, ինչպիսիք են տոկոսադրույքների բարձրացումը և ավտոմոբիլային տրանսպորտի աճը:
«Չնայած այս կանխատեսմանը, 2023 թվականին նավթի պահանջարկը կայուն է», - ասվում է զեկույցում:
ՕՊԵԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2028 թվականին համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 110,2 միլիոն բարել՝ 2023 թվականին օրական 102 միլիոն բարելի դիմաց: Կանխատեսվում է, որ 2027 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 109 միլիոն բարել՝ 2022 թվականին կանխատեսվող օրական 106,9 միլիոն բարելի դիմաց:
ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ մինչև 2045 թվականը աշխարհի ճանապարհներին կլինի 2,6 միլիարդ ավտոմեքենա՝ միլիարդով ավելի, քան 2022 թվականին։ Զեկույցում նշվում է, որ դրանց ավելի քան 72%-ը հագեցած կլինի ներքին այրման շարժիչներով, չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական մեքենաներն ամենաարագ զարգացող հատվածն են։
ՕՊԵԿ-ը և նրա դաշնակիցները, որոնք հայտնի են որպես ՕՊԵԿ+, կրկին կրճատում են մատակարարումները՝ շուկային աջակցելու համար: Զեկույցում ասվում է, որ ՕՊԵԿ-ի ընդհանուր մասնաբաժինը նավթի շուկայում 2045 թվականին կաճի մինչև 40%՝ 2022 թվականի 34%-ից, քանի որ ոչ ՕՊԵԿ-ի արդյունահանումը սկսում է նվազել 2030-ականների սկզբից:




























