Իսրայելը կարող է ցամաքային հարձակում կազմակերպել Գազայի հատվածի դեմ՝ ձեռնամարտի վտանգ ստեղծելով խիտ բնակեցված շրջաններում, գրել է AFP-ն։

Իսրայելի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ «անհապաղ կդադարեցնի ջրի մատակարարումը Գազայի հատված ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքի պաշարման շրջանակում։ Այնուհետեւ «Իսրայելը կսկսի համատեղ (օդային/ծովային/ցամաքային/տիեզերական) գործողություն»,- ասել է ԱՄՆ ռազմական ակադեմիային կից Վեսթ Փոյնթի Ժամանակակից պատերազմի ինստիտուտի փորձագետ Ջոն Սփենսերը։

Ռազմավարության եւ անվտանգության Երուսաղեմի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Գրինբերգը հայտնել է, որ «հարվածները կուղղվեն առաջին հերթին ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնների եւ զորքերի դեմ»։ «Բանակը կպատրաստվի Գազա մտնելուն»,- ասել է նա։

Քաղաքային այդ մարտերը  կստիպեն կոմբատանտներին ձեռնամարտի մեջ մտնել։

«Անխուսափելի ռիսկեր»

Քաղաքային մարտերը 360 աստիճանի մարտադաշտ են, քանի որ սպառնալիքները կարող են լինել ամենուրեք, ասել է բրիտանական բանակի նախկին սպա, այժմ՝ Janes մասնավոր վերլուծաբանական ընկերության վերլուծաբան Էնդրյու Գալերը։

Գալերի խոսքով՝ գոյություն ունեն բարեկամական կրակի «անխուսափելի ռիսկեր»՝ հաշվի առնելով «իրավիճակային անտեղյակության դժվարությունները»։ Հրետանու օգտագործումը կարող է վատացնել իրավիճակը, քանի որ փլուզումները հետագայում կարող են թաքստոց ծառայել։

Գազայի 2,3 մլն պաղեստինցի բնակիչները ապրում են իսրայելական պաշարման մեջ 2007-ից։

Նեղ փողոցները ունեն թունելների խիտ ցանց, որը իսրայելական զորքերին հայտնի է որպես «Գազայի մետրո»։ Գազայի 14 կիոլոմետրանոց սահմանը Եգիպտոսի հետ մի ժամանակ լի էր հարյուրավոր թունելներով, որոնք օգտագործվում էին գրոհայիններ, զենք եւ այլ մաքսանենգ ապրանք տեղափոխելու համար, դրանցից շատերն այժմ քանդված են։

Բայց ՀԱՄԱՍ-ը 2014-ից ստորգետնյա անցումներ է փորում, որպեսզի շրջանցի իր վերահսկած տարածքը։

Որոշ թունելներ 30-40 մետր խորություն ունեն, ինչը թույլ է տալիս գրոհայիններին դիրքերը փոխել եւ հեռանալ հարվածների վայրերից։ Հրթիռային մարտկոցները, որոնք թաքցված են հողի տակ, կարելի է հայտնաբերել դիտահորի օգնությամբ այնքան ժամանակում, որքան հարկավոր է այդ հրթիռների արձակման համար։

Իսրայելի բանակը եւ հետախուզությունը հաստատ գիտեն այդ ցանցի մի մասի մասին եւ դրանք գնդակոծել են 2021թ.։ Բայց մյուս մասը գաղտնի է մնում եւ դժվարացնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ցանկացած ցամաքային գործողություն Գազայի հատվածում։

ՀԱՄԱՍ-ը «անգիր գիտի իր թունելները»,- ասել է Նյու Յորքի Սուֆան-կենտրոնի տնօրեն Քոլին Քլարկը։

«Դրանց մի մասը, հավանաբար, ականապատված է։ Եվ իսրայելցիները կարող են հետախուզական տվյալներ չունենալ դրանց մասին»։

Ընդհատակյա մարտերը ավելի մեծ գերազանցություն կտան ՀԱՄԱՍ-ի պաշտպաններին եւ նրա ղեկավարությանը։

«Բոլորը գիտեն, որ դա երկար ու դժվար կլինի, եւ կորուստներն էլ շատ կլինեն»,- ասել է Գրինբերգը։

Մյուս կողմից՝  ՀԱՄԱՍ-ի առավելությունը թունելներում «կարող է նաեւ ծուղակ» հանդիսանալ, ավելացրել է նա։ «Երբ թունելները հայտնաբերվեն, դրանք կարելի է փակել, եւ մարդիկ կմնան ներսում։ Եվ այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, անխնա կոտորելու» հրաման կտրվի։

Տասնյակ քաղաքացիական պատանդներ, որոնց առեւանգել է ՀԱՄԱՍ-ը հանգստյան օրերին, եւս մեկ դժվարություն են ՑԱԽԱԼ-ի համար։

«Իսրայելի հասարակությունը չի ների, եթե պատանդների կյանքն առաջնահերթություն չլինի»,- ասել է Ֆրանսիայի Գիտական հետազոտութունների ազգային կենտրոնի (CNRS) Իսրայելի գծով մասնագետ, սոցիոլոգ Սիլվեն Բյուլը։

Կառավարությունն առայժմ անկարող է բանակցություններ վարել, ասել է Թել Ավիվի INSS վերլուծաբանական կենտրոնի հետազոտող Քոբի Մայքլը։ Պատանդների խնդիրը չի կարող գլխավոր առաջնահերթությունը լինել, ասել է նա։ «Իսրայելը պատանդների խնդրին կմոտենա միայն գերազանցություն ապահովելուց հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պարտվի եւ թուլացած լինի»,- ասել է Մայքլը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Կատարում AFP գործակալությանը երկուշաբթի տեղեկացրել է, որ «ներկայում պատանդների կամ որեւէ այլ հարցով բանակցությունների որեւէ շանս չկա»։