Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրկի ալ-Ֆեյսալի ելույթն այս շաբաթ, նվիրված Մերձավոր Արեւելքի ներկա իրավիճակին, անթաքույց բաց է սաուդյան թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամի համար։
Բոլորն են նշում, որ դա ամենահստակ ցուցիչն է այն բանի, ինչ մտածում է սաուդյան ղեկավարությունը ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ВВС-ն։
Արքայազն Թուրկին, որը մեծ հարգանք է վայելում սաուդյան շրջանակներում, հրապարակայնորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ին եւ Իսրայելին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու եւ դրան հաջորդած Գազայի իսրայելական ռմբակոծումների պատճառով։ Նրա խոսքով՝ հերոսներ չկան, կան միայն զոհեր։
Արաբական երկրների զայրույթը իսրայելական ավիահարվածների առիթով այնքան մեծ է, որ արքայազն Թուրկին, հանդես գալով ամերիկյան լսարանի առջեւ Հյուսթոնի Ռայսի համալսարանում, դարձավ արաբական երկրների հազվադեպ ներկայացուցիչը, որը քննադատեց ՀԱՄԱՍ-ին ներկա իրադրությունում։
Նրա խոսքով՝ այդ խմբավորման գործողությունները հակասում են իսլամական դրույթներին՝ չվնասել քաղաքացիական բնակչությանը։
Արքայազն Թուրկին ՀԱՄԱՍ-ի դատապարտումը հավասարեցրել է Իսրայելի դատապարտմանը, որին նա մեղադրել է «անմեղ պաղեստինցի քաղաքացիների անխտիր ռմբակոծումների մեջ Գազայում» եւ «պաղեստինցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց անխտիր ձերբակալություններում Արեւմտյան ափին»։
Նա դժգոհություն է հայտնել, որ ամերիկյան ԶԼՄ-ները օգտագործել են «չարտոնված հարձակում» արտահայտությունը հոկտեմբերի 7-ի ռեյդի առիթով՝ հայտարարելով. «Էլ ինչ սադրանք է պետք... նրանից բացի, ինչն Իսրայելն անում է պաղեստինցի ժողովրդի հետ երեք քառորդ դարի ընթացքում»։
Նա ավելացրել է, որ «ռազմական ուժերի կողմից օկուպացված բոլոր ժողովուրդներն օկուպացիային դիմադրելու իրավունք ունեն»։
Արքայազն Թուրկին դատապարտել է նաեւ արեւմտյան քաղաքական գործիչներին այն պատճառով, որ նրանք «արցունք են թափում, երբ պաղեստինցիները սպանում են իսրայելցիներին», բայց հրաժարվում են «անգամ ափսոսանք հայտնել, երբ իսրայելցիներն են սպանում պաղեստինցիներին»։





























