Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստովանել է, որ տարաձայնություններ կան լիբերալ պատգամավորների մոտեցումներում, ինչպես նաեւ ընդհանուր մտավախություններ՝ կապված Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ Նա ուրբաթ օրը բախվել է անբարյացակամ ամբոխի մզկիթ այցելության ժամանակ, տեղեկացրել է Toronto Sun-ը։
Որոշ լիբերալ պատգամավորներ միանում են Կանադայի մուսուլմանական կազմակերպությունների կոչերին տարածաշրջանում հրադադար հաստատելու վերաբերյալ, այն դեպքում, երբ կանադական խոշոր հրեական խմբերը Թրյուդոյից պահանջում են հրաժարվել ավելի վաղ արած հայտարարությունից, որը, նրանց կարծիքով, հաստատում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում Գազայի հիվանդանոցի դեմ գրոհի համար։
«Բոլորի համար ցավալի է, բոլորն են սգում, բոլորն են վախենում այն բանից, թե ինչ է նշանակում դա»,- ուրբաթ Բրեմփտոնում ասել է Թրյուդոն լրագրողներին, երբ նրան հարցրել են, թե արդյոք իր խմբակցությունը տարակարծիք է այն հարցում, թե ինչպես պետք է արձագանքեն լիբերալները։





























