Պաղեստինամետ հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի եւ այլ քաղաքների փողոցներով՝ Իսրայելից պահանջելով դադարեցնել Գազայի ռմբակոծումները, քանի որ  պատերազմը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ շարունակվում է արդեն երրորդ շաբաթը, եւ դրա հետեւանքները տարածվել են ամբողջ աշխարհում, տեղեկացրել է АР-ը։

Պաղեստինյան դրոշներ թափահարելով՝ երթի մասնակիցները կոչ են արել դադարեցնել իսրայելական շրջափակումն ու ավիահարվածները։

Բրիտանիայի իշխանությունները ցուցարարներին կոչ են արել հիշել այն ցավի եւ տագնապի մասին, որոնք զգում է հրեական համայնքը։ Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերին հակասեմական հանցագործությունների մասին հաղորդումների թիվը ավելացել է 13 անգամ՝ անցած տարվա համեմատ։ Հակամուսուլմանական հանցագործությունների մասին հաղորդումների թիվը ավելացել է ավելի քան երկու անգամ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքների ժամանակ գրանցվել են «անկարգությունների օջախներ եւ ատելության հրահրման որոշ դեպքեր», բայց «ակտիվության զգալի մասը եղել է օրինական եւ անցել է առանց միջադեպերի»։