Պակիստանում դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանք է առաջադրել 2022թ. պաշտոնից նրան հեռացնելուց հետո։ Նրան կարող է սպառնալ մահապատիժ, եւ նա, հավանաբար, չի կարողանա առաջադրվել հունվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, տեղեկացրել է Reuters-ը։
Խանը եւ «Պակիստան Թեհրիկ-ի-Ինսաֆ» կուսակցության առաջնորդի տեղակալ Շահ Մահմուդ Քուրեշին կկանգնեն դատարանի առջեւ այս շաբաթ։
Խանի փաստաբաններից մեկի խոսքով՝ պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքը նախատեսում է ցմահ բանտարկությունից մինչեւ մահապատիժ։ Նա համոզված է, սակայն, որ Խանը եւ Քուրեշին կարդարացվեն։
Խանը եւ Քուրեշին հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։ Խանի փաստաբանները առարկել են փակ դատավարության դեմ։
Գործը կապված է իր հրաժարականից հետո հանրահավաքում Խանի ունեցած ելույթի հետ, որի ժամանակ նա պատմել է Վաշինգտոնում Պակիստանի դեսպանի եւ Իսլամաբադում արտաքին գործերի նախարարության միջեւ գրագրության մասին։ Խանն այն ժամանակ ցույց էր տվել այդ նամակը՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իրեն սպառնացել են, եւ իր պաշտոնազրկումը ԱՄՆ դավադրությունն էր։ Վաշինգտոնի եւ Պակիստանի պաշտոնատար անձինք չեն ընդունել այս հավաստիացումը։





























