Մինչ Գազայի հատվածում շարունակում են զոհվել խաղաղ պաղեստինցիները, այդ թվում երեխաները, ԵՄ երկրները դեռ քննարկում են հումանիտար հրադադարի գաղափարը։ Ինչպես ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմը, գոյություն ունեն Գազայի հատվածում պաղեստինցիներին այդքան անհրաժեշտ օգնությունն ստանալու «տարբեր միջոցներ»։

«Բանավեճերը շարունակվում են, բայց իրականում հարցը հրադադարը չէ, այլ այն, թե ինչպես օգնություն ցուցաբերել, եւ դա կարելի է անել շատ տաբեր միջոցներով»,- ասել է նա լրագրողներին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Նա ասել է, որ Շվեդիան նախընտրում է ՄԱԿ առաջարկը հումանիտար միջանցքի մասին։

Երկուշաբթի ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցություն էր հայտնել «հումանիտար դադարի» գաղափարին, բայց միության արտաքին գործերի որոշ նախարարներ կասկածներ են հայտնել այդ գաղափարի հետ կապված։