Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը սուտ է անվանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իշխանություններն, իբր, Թուրքիայից վտարել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարությանը։
Al-Monitor տեղեկատվական պորտալը, հղում անելով «իր աղբյուրներին», ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական իշխանությունները երկրից վտարել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեին, ով հոկտեմբերի 7-ին՝ պաղեստինա-իսրայելական սրացման օրը, գտնվում էր Ստամբուլում։
«Տեղեկությունները, թե «Թուրքիայի նախագահը հրամայել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներին անհապաղ լքել Թուրքիան», լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Մի հավատացեք ստերին», - X սոցցանցում արաբերեն գրել է Էրդողանի վարչակազմի հակաապատեղեկատվական կենտրոնը:





























