Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ իշխանությունները սկսել են պատրաստվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման կազմակերպմանը, տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Երկու կողմերը համաձայնել են համապատասխան ջանքեր գործադրել Սան Ֆրանցիսկոյում նրանց հանդիպման կազմակերպման համար»,- ասել են չինացի դիվանագետները։
Չինաստանի ԱԳՆ-ում նաեւ մեկնաբանել են Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի հանդիպումը։
Գերատեսչությունում նշել են, որ երկու երկրների ներկայացուցիչների զրույցի ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր, ներառյալ բարձրամակարդակ շփումների պահպանումը, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
Սան Ֆրանցիսկոյում, որտեղ կարող է տեղի ունենալ Բայդենի եւ Սի Ծինփինի հանդիպումը, նոյեմբերին տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը։





























