Պաղեստինցիներն իրավունք ունեն որոշելու սեփական ճակատագիրը եւ դիմակայելու իսրայելական օկուպացիային։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է Tunis Afrique Presse լրատվական գործակալությունը, ուրբաթ ասել է Թունիսի նախագահ Կաիս Սայիդը հանրապետության արտաքին գործերի նախարար Նաբիլ Ամարի հետ հանդիպման ժամանակ։
«Պաղեստինցի ժողովուրդը իրավունք ունի որոշելու սեփական ճակատագիրը եւ դիմակայելու օկուպացիային։ Աշխարհի շատ ազատագրական ուժեր, որոնք պայքարել են գաղութատիրության եւ ռասայական խտրականության դեմ, ներկայացվել են որպես ահաբեկչական շարժումներ»,- նշել է պետության ղեկավարը։
Կաիսն ընդգծել է, որ «Թունիսը անվերապահորեն աջակցում է պաղեստինցի ժողովրդին՝ Երուսաղեմ մայրաքաղաքով սեփական անկախ պետություն ստեղծելու իր իրավունքի հարցում»։
Նախագահի խոսքով՝ իսրայելական բանակի թիրախ են դառնում խաղաղ բնակիչների տները, մզկիթները, եկեղեցիները, հիվանդանոցները։ «Ավելի քան 2 մլն պաղեստինցի դեղ, բժշկական ապրանքներ, ջուր, ուտելիք եւ էլեկտրականություն չի ստանում։ Սիոնիստական ռազմական մեքենան ոչնչացնում է նրանց՝ իրենց հայրենիքից վտարելու նպատակով։ Եվ այդ բոլոր չարագործությունները կատարվում են ամբողջ աշխարհի, այդ թվում այն երկրների աչքի առջեւ, որոնք աջակցում են այդ զավթիչ կազմավորմանը»,- ասել է Թունիսի նախագահը։




























