Աշնանային ընկած տերեւները պարունակում են ազատ ռադիկալներ (BPFR)՝ թունավոր աղտոտիչներ, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու առողջության համար։ Այս եզրակացության են եկել Հարավային Կարոլինայի SmartState-ի բնապահպանական նանոգիտությունների եւ ռիսկերի կենտրոնի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology Letters (ESTL) գիտական ամսագրում։
Ազատ ռադիկալները մեկ կամ մի քանի չգոլորշիացած էլեկտրոններ պարունակող մասնիկներ են։ Դրանք կարող են վնասել բջիջների թաղանթները եւ առաջ բերել մուտացիաներ ՌՆԹ-ում եւ ԴՆԹ-ում եւ նպաստել օրգանիզմի ծերացմանը։ Դրանք կարող են մնալ շրջակա միջավայրում ժամեր, օրեր եւ ամիսներ շարունակ։
«Մենք պարզեցինք, որ ինչպես փշատերեւ, այնպես էլ լայնատերեւ բույսերը պարունակում են կայուն ազատ ռադիկալներ։ Դա վկայում է այն մասին, որ ընկած տերեւները BPFR-ի աղբյուր են, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ առողջության վրա»,- նշել է գիտական աշխատանքի հեղինակ Էրիկ Վեյերանոն։
Չնայած ազատ ռադիկալները եւ դրանց պարունակած վտանգները շրջակա միջավայրի եւ առողջության համար ուսումնասիրվել են տասնամյակներ, հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է եղել այն սպառնալիքների վրա, որոնք առաջանում են այրման եւ ջերմային պրոցեսներում։
Գիտնականի խոսքով՝ Երկրի ցամաքի կենսազանգվածի 82 տոկոսը կազմում են բույսերը, ուստի տերեւաթափը մնում է ազատ ռադիկալների կայուն հզոր աղբյուր։ Մասնիկներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ մնում են բույսերի վրա։ Բայց ընկնելուց հետո վնասակար տարրերը կարող են ներծծվել ընդերքում եւ տարածվել՝ վտանգ ներկայացնելով մարդկանց եւ բնության համար։





























