Գազայի հատվածի հազարավոր բնակիչներ ներխուժել են Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) պահեստներ և բաշխման կենտրոններ՝ խլելով ալյուրն ու առաջին անհրաժեշտության ապրանքները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը։
«Սա մտահոգիչ նշան է, որ երեք շաբաթ շարունակվող պատերազմից և Գազայի խիստ շրջափակումից հետո սոցիալական կարգը սկսում է փլուզվել», - հայտարարել է Գազայի հատվածում UNRWA-ի գործերի տնօրեն Թոմաս Ուայթը, հաղորդում է BBC-ն:
«Շուկայում պարենամթերքի պաշարները սպառվում են, իսկ Եգիպտոսից Գազայի հատված տեղափոխվող մարդասիրական օգնությունը անբավարար է», - ասել է Ուայթը:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսն ասել էր, որ օգնությունը «հազիվ է անցել» Գազա նախորդ շաբաթվա ընթացքում:
Շաբաթ օրը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից ստեղծված խոչընդոտները» խանգարում են Ռաֆահի անցակետով օգնության արագ առաքմանը։





























