ԱՄՆ տնտեսությունը, որն ամենամեծն է աշխարհում, ռեցեսիայի մեջ կմտնի 2024թ. առաջին կեսին։ Այս մասին ասել է DoubleLine Capital (DLC) ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆրի Գունդլահը։ Նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն։

Տնտեսական անկման ֆոնին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարությունը, ըստ փորձագետի, կսկսի աստիճանաբար թուլացնել դրամավարկային քաղաքականությունը եւ կանցնի կարեւոր տոկոսադրույքի իջեցման։ Ներկայում այն 2,25-5,5-ի մակարդակի է եւ չի փոխվում 2023-ի հուլիսից։

Իրավիճակի վատացման վրա ազդեցություն կգործեն մի շարք գործոններ՝ աշխատանքի տեղական շուկայում վարձակալության ծավալների նվազումը, աշխատակիցների ազատումը ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերություններում։ Դինամիկայի վրա կազդի նաեւ դաշնային բյուջեի դեֆիցիտը, որը սեպտեմբերի վերջին ավելացել է՝ հասնելով 1,7 տրլն դոլարի։ Այս համատեքստում երկրի պետական պարտքի չափը ավելացել է՝ 34 տրլն դոլար։ «Մենք այլեւս չենք կարող պահել այդ տոկոսադրույքները եւ այդ դեֆիցիտը։ Դա անընդունելի է»,- ասել է փորձագետը։

Ռեցեսիայի մեջ մտնելու վտանգի մասին ավելի վաղ նախազգուշացրել էր նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ Հուլիսի առաջին կեսին նա հայտնել էր, որ շուտով երկրում զբաղվածության աճի տեմպերը կարող են դանդաղել։ Այդ գործոնը, իր հերթին, կարող  է բացասական ազդեցություն գործել  ՀՆԱ ավելացման տեմպերի վրա։ Իրավիճակի վրա շարունակում է ճնշում գործադրել նաեւ «շատ բարձր մակարդակում» պահպանվող գնաճը, ամփոփել է նա։