Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիխայ Էլիյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է», ինչին ի պատասխան իշխանությունները և իսրայելցի քաղաքական գործիչներն արդեն դատապարտել են նման հայտարարությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Times of Israel-ին։
«Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, նախարար Ամիխայ Էլիյահուն պատասխանել է, որ «սա հնարավորություններից մեկն է»: Բացի այդ, քաղաքական գործիչն իր անհամաձայնությունն է հայտնել Գազա ցանկացած մարդասիրական օգնություն թույլատրելուն՝ ասելով, որ Իսրայելը հումանիտար օգնություն չի փոխանցի «նացիստներին», և «Գազայում չկա այնպիսի հասկացողություն, ինչպիսին չներգրավված քաղաքացիական անձինք են»։ Ըստ պարբերականի տվյալների, ավելի ուշ X սոցիալական ցանցում Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը և գրել, որ ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին արտահայտությունը փոխաբերական է եղել։
Իսրայելի վարչապետի գրասենյակը սոցցանցերում հայտնել է, որ Էլիյահուի խոսքերը «չեն համապատասխանում իրականությանը», և որ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի համաձայն՝ անմեղ մարդկանց չվնասելու համար:
Բացի այդ, Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ևս քննադատել է նախարարի հայտարարությունները և ասել, որ Նաթանյահուն պետք է այսօր ևեթ պաշտոնանկ անի Էլիյահուին։





























